BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հերմինե Նաղդալյան. Եթե Թուրքիան իսկապես մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը

Հերմինե Նաղդալյան. Եթե Թուրքիան իսկապես մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը
13.10.2016 | 20:53

Հոկտեմբերի 13-ը Ստրասբուրգում շարունակվող ԵԽԽՎ նստաշրջանում Թուրքիայի պատվիրակության համար իսկապես 13 էր՝ ընթացիկ հարցերով բանավեճ-քննարկման թեման էր «Իրավիճակը Թուրքիայում` պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո»: Եվրոպացիները բազում հարցեր ունեին՝ հեղաշրջման փորձից հետո երկրում տիրող իրավիճակից բխող, նաև մտահոգություններ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ելույթի համար հերթագրվածների մեծ թվի պատճառով ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթը ստիպված եղավ հանձնել քարտուղարությանը: Նրա գնահատականով՝
քննարկումը լավագույն վկայությունն է, որ իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության «թեժ կետերից» մեկը և բոլորն էլ գիտակցում են, որ երկրի անկայուն իրավիճակը կարող է պայթունավտանգ լինել ոչ միայն տարածաշրջանի համար, այլ առավել լայն իմաստով:


«Ես ներկայացնում եմ Հայաստանը` երկիր, որն ուղղակիորեն սահմանակից է Թուրքիային, երկիր, որն անմիջապես կրում է բացասական հետևանքները:
Պետական հեղաշրջման փորձից հետո` ո՞րն է ներկայիս իրավիճակը:
Նախագահ Էրդողանի արձագանքի ծավալն ու խորությունը կործանարար է` որևէ հույս չթողնելով երկրում ցանկացած ժողովրդավարական գործընթացի համար: Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը սկսել են կիրառել` որպես երկրում բողոքի ակցիաները ճնշելու արդարացում: Քանի որ այն ճնշվել էր, հազարավոր զինծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ և քաղաքացիական ծառայողներ հանկարծակի ձերբակալվեցին կամ աշխատանքից ազատվեցին: Վերջերս երկարաձգված արտակարգ դրությունը նշանակում է մարդու հիմնարար իրավունքների կասեցում, միաժամանակ, քննարկվում է մահապատժի կրկին կիրառումը: Իշխանությունները փակել են մի քանի քրդական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, այդ թվում` մանկական մեկ ալիք: Կարո՞ղ եք պատկերացնել` Թուրքիան սպառնալիքի աղբյուր է դիտարկում մուլտֆիլմային մեկ ալիքը:
Եզրակացությունն անխուսափելի է, Թուրքիան ավելի ավտորիտար է դառնում, ավելի անկանխատեսելի, որը բերում է հասարակության խորապես պառակտվածությանը»:


Հիշեցնելով Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող հարցի քննարկումը, որի ժամանակ տարբեր տեսակետներ էին հնչել. Այդ թվում՝ մոնիտորինգի գործընթացը վերականգնելու պնդումը՝ Հերմինե Նաղդալյանը շեշտել է, որ այդ հարցը առավել քան հրատապ է` պայմանավորված կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին:
«Թուրքական իշխանությունները, բոլորովին անտեսելով օրենքի գերակայությունը, իրավիճակը օգտագործում են` պայքարելու երկրում իրենց քաղաքական հակառակորդների և ազգային փոքրամասնությունների դեմ:
Այնպես որ, նախարար Չավուշօղլուն ավելի լավ կլիներ կենտրոնանար այդ լուրջ խնդիրների վրա, այլ ոչ թե՝ Վեհաժողովի հետ կիսվեր իր անձնական պատմություններով»՝ ելույթում նշել է նա:


ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի երեկվա «ապակողմնորոշող ակնարկներին» և ընդգծել.
«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նրա տեսլականը՝ 5 շրջանների ենթադրյալ դուրս բերման շուրջ, իրականության երևակայական ընկալում է: Մինչդեռ ռեալ իրականության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
Թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ՝ նախարարը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Եթե Թուրքիան իսկապես մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ դեպքում վավերացված և ի կատար ածված կլինեին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսօր ԵԽԽՎ-ի հյուրն է եղել Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը: ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նրան ուղղված հարց է ունեցել, որը ևս ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել բարձրաձայնել. «Երբ տարեսկզբին բլիցկրիգը Ղարաբաղի դեմ չհաջողվեց, Ադրբեջանը իբր համաձայնեց հրադադարի պահպանման միջոցների ապահովմանը: Շնորհակալ եմ, պարոն նախարար, այդ նախաձեռնություններին աջակցության համար, որ ներառում էին ԵԱՀԿ ներկայության մեծացում տեղերում և հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծում: Խնդրում եմ՝ տեղեկացրեք, թե ի՞նչ է անում ԵԱՀԿ-ն՝ երաշխավորելու համար, որ Ադրբեջանը կատարելու է վստահության ստեղծման այդ կարևոր նախաձեռնությունները»:

Դիտվել է՝ 789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ